Քաղաքական

Հայաստանի ոստիկանության 108-րդ տարեդարձի կոլեգիայի նիստ

Այսօր ՆԳՆ-ում տեղի ունեցավ Հայաստանի Հանրապետության ոստիկանության 108-րդ տարեդարձին նվիրված կոլեգիայի հանդիսավոր նիստը, որին մասնակցեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նիստին նախորդելով՝ վարչապետը և ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը ծաղիկներ են խոնարհել Ոստիկանության շենքի բակում տեղադրված հուշատախտակին՝ հարգանքի տուրք մատուցելով հանուն հայրենիքի կյանքը նվիրաբերած ոստիկանների հիշատակին։

Կոլեգիայի նիստում Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել ելույթով՝ շնորհավորելով ոստիկանության բոլոր ծառայողներին տարեդարձի առթիվ և շնորհակալություն հայտնել ծառայության համար։ Նա նշել է, որ ոստիկանությունը մեր երկրում կայացման և զարգացման տարբեր փուլեր է անցել։

«Ոստիկանությունը պետության ողնաշարն է, և այդ ողնաշարը միշտ պետք է ամուր լինի։ Սա բոլոր քաղաքացիների շահերից է բխում»,- ընդգծեց վարչապետը։

Խոսելով անկախացումից ի վեր ոստիկանության համակարգի կայացման մասին՝ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ դրանք շրջադարձային են եղել իրավակարգի և կարգուկանոնի պահպանման համար։ Նա կարևորել է ժամանակին համընթաց դինամիկ զարգացող ոստիկանական համակարգ ունենալը։

«Ըստ էության, մեր բարեփոխումներով մենք հենց այդ ճանապարհով ենք գնում։ Երբ ոստիկանության ոլորտի բարեփոխումներն սկսել էինք, այն ժամանակ դա ֆանտաստիկայի ոլորտից էր թվում, երբ մտածում էինք, որ պարեկային ոստիկանություն լինի՝ ամբողջությամբ վերազինված նոր տեխնիկայով, սարքավորումներով, մեքենաներով և այլն»,- ասաց նա՝ ընդգծելով, որ բարեփոխումները շարունակական են լինելու, քանի որ կյանքն ու ընկալումներն անհամաչափորեն արագ են փոփոխվում։

Վարչապետը նշել է, որ սա վերաբերում է և՛ տեխնիկային, և՛ օրենսդրությանը, և՛ համազգեստին, և՛ սպառազինությանը, և՛ կարգավորումներին։

Նա նաև ընդգծեց, որ ցանկացած պաշտոնյա, ցանկացած մարդ իր պատասխանատվության և լիազորությունների շրջանակն ունի, և չափազանց կարևոր է, որ յուրաքանչյուրն իր գործառույթների շրջանակում զգա անհատական պատասխանատվություն։

«Ոստիկանության աշխատանքը պետք է լինի սոցիալական առումով երաշխիքներ ապահովող, որովհետև ոստիկանության աշխատանքը շատ բարդ աշխատանք է, կապված է և՛ ոստիկանության աշխատողի, և՛ ուրիշների կյանքի, և՛ անվտանգության հետ։ Եվ մենք այս բոլոր գործոնները հաշվի պետք է առնենք»,- նշեց Նիկոլ Փաշինյանը։

Նա ընդգծեց, որ ոստիկանության բոլոր ծառայողներն առաջնորդություն պիտի ստանձնեն, քանի որ «հենց ոստիկանի համազգեստ կրելն ինքնին առաջնորդության նշան է իր պատասխանատվության գոտում, իր չափով»։

Ամփոփելով խոսքը՝ վարչապետը ևս մեկ անգամ շնորհավորեց բոլորին Ոստիկանության օրվա առիթով և շնորհակալություն հայտնել Հայաստանի Հանրապետությանը մատուցած ծառայությունների համար։

«Ես հավատում եմ ձեզ, հավատում եմ ձեր նվիրվածությանը, հավատում եմ ձեր պրոֆեսիոնալիզմին, հավատում եմ ձեր ներուժին, որ դուք կկարողանաք այդ խնդիրները լուծել և կկարողանանք այնպես անել, որ ոչ միայն ոստիկանությունը՝ ընդհանուր առմամբ, այլ ամեն ոստիկան ամեն հաջորդ օրվա հետ լինի ավելի պրոֆեսիոնալ, ավելի պատասխանատու, ավելի արդյունավետ, քան երեկ է»,- եզրափակեց նա։

Ոստիկանության օրվա առթիվ, օրինականության և հասարակական կարգի պահպանության գործում ներդրած ավանդի, ինչպես նաև ծառայողական պարտականությունները կատարելիս ցուցաբերած նվիրումի և մասնագիտական բարձր պատրաստվածության համար ՀՀ ՆԳՆ մի խումբ ծառայողներ պարգևատրվել են ՀՀ վարչապետի հուշամեդալով և շնորհակալագրով։