Ապրիլի 16-ին լրագրողների հետ զրույցում «Ուժեղ Հայաստան» կուսակցության վարչության անդամ, «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ գլխավոր տնօրենի նախկին պաշտոնակատար Դավիթ Ղազինյանը հայտարարել է, որ կուսակցությանը չգրանցելը նշանակում է ամբողջ ընտրական գործընթացը կասկածի տակ դնել ողջ աշխարհի առջև։
«Նույնիսկ Անդրկովկասի երկրորդ բռնապետի տիտղոսին հասած մարդը չի կարող իրեն նման ճոխություն թույլ տալ, քանի որ «Ուժեղ Հայաստան»-ին չգրանցելը նշանակում է ամբողջ ընտրական գործընթացը կասկածի տակ դնել ողջ աշխարհի առջև։ Ես չեմ կարծում, որ Հայաստանն այն երկիրն է, որտեղ ուղղակի հնարավոր է թույլ չտալ իշխանության ձգտող ուժին, 50+1 տոկոս ձայն ունեցող ուժին մասնակցել ընտրություններին։ Այդ դեպքում աշխարհն ինչպե՞ս կարձագանքի այս ամենին», – նշել է նա։
Ղազինյանը նաև անդրադարձել է այսօրվա իրավապահների կողմից կուսակցության ներկայացուցիչների տների և գրասենյակների խուզարկություններին։ Նրա խոսքով՝ նման գործողությունները իշխանությունների կողմից ոչ միայն անհասկանալի, այլև հակահետևանք են ունենում։
«Մենք շատ հանգիստ ենք վերաբերվում այս ամենին, այնպես չէ, որ մենք դա չէինք սպասում։ Պարզապես, իշխանությունները դեռ չեն հասկանում, որ այս ամենն իրենց դեմ է աշխատում, որովհետև յուրաքանչյուր մարդու հետևից, ում փորձում են վախի ենթարկել, գալիս է ևս 10 հոգի», – ասել է Ղազինյանը՝ նկատելով, որ առավոտից խուզարկություններ են ընթանում կուսակցության ներկայացուցիչների բնակարաններում, և կրկին բերման են ենթարկվել մի կնոջ՝ «Ուժեղ Հայաստանի» նախընտրական ցուցակում ընդգրկված Հասմիկ Ամիրզադյանին։
Փաստաբան Լուսինե Մարտիրոսյանը հայտնել է, որ Հասմիկ Ամիրզադյանին մեղադրանք է առաջադրվել, և քննարկվում է խափանման միջոցի հարցը։ Նա նշել է, որ իր պաշտպանյալը մեղադրանքը չի ընդունում և ունի 5 որդեգրված անչափահաս երեխա։




