Քաղաքական

«Հայաքվե»-ն բողոքարկելու է ընտրությունների արդյունքները Սահմանադրական դատարանում

Հունիսի 7-ին Հայաստանում կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքները բողոքարկվելու են Սահմանադրական դատարանում՝ դրանց վերջնական չեղարկման և նոր ընտրությունների անցկացման հեռանկարով։ Այս մասին հայտարարել է «Հայաքվե» քաղաքացիական նախաձեռնության խորհուրդը՝ հրապարակելով հունիսի ընտրությունների քաղաքական գնահատականը։

Մենք դրական ենք գնահատել ընտրություններին հայաստանցիների բարձր մասնակցությունը՝ շնորհակալություն հայտնելով մեր համախոհներին, ովքեր «Ուժեղ Հայաստան» դաշինքի օգտին քվեարկելու իրենց վստահությունը դրած են «Հայաքվե»-ի վրա։

Այնուամենայնիվ, պետք է հստակ նշել, որ քվեարկության նախնական արդյունքները չեն արտահայտում Հայաստանի քաղաքացիների ազատ կամքը։ Այս պնդման հիմքում ընտրական գործընթացի անհավասար պայմաններն են։

Ընտրությունները տեղի են ունեցել այն պայմաններում, երբ հիմնական ընդդիմադիր ուժի՝ «Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջնորդ Սամվել Կարապետյանը, ով իշխանությունների կողմից ենթարկվել է քաղաքական հետապնդումների և գտնվում է տնային կալանքի տակ, զրկված է եղել լիարժեք նախընտրական քարոզչություն իրականացնելու հնարավորությունից։

Մենք նաև ուշադրություն ենք հրավիրել այն հանգամանքի վրա, որ նախընտրական շրջանում ձերբակալվել կամ կալանավորվել են մի շարք առաջատար ընդդիմադիր գործիչներ, այդ թվում՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավորության թեկնածուների ցուցակի երկրորդ համար Անդրանիկ Թևանյանը և «Ուժեղ Հայաստան» դաշինքի խորհրդի անդամ Ալեքսան Ալեքսանյանը, ինչպես նաև մի քանի այլ պատգամավորության թեկնածուներ և ակտիվիստներ։

Բացի այդ, նշում ենք վարչական ռեսուրսի զանգվածային չարաշահման դեպքերը, երբ պետական և համայնքային պաշտոնյաների ուղղորդմամբ հազարավոր քաղաքացիներ ընտրատեղամասերում քվեարկել են իշխող ուժի օգտին։

Ընտրական գործընթացն անցել է վախի և ահաբեկման մթնոլորտում։ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հանրային հեռուստաընկերության եթերում և քարոզչական հանրահավաքների ժամանակ թիրախային սպառնալիքներ ու ատելության քարոզ է իրականացրել ընդդիմադիր գործիչների նկատմամբ։

Այլ երկրների բարձրաստիճան պաշտոնյաներ բացահայտորեն միջամտել են ընտրական գործընթացին՝ սատարելով «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը։

Այս պայմաններում ընտրությունները չեն անցել ազատ և արդար։ Ըստ մեր համոզմունքի՝ նույնիսկ այս խայտառակ ճնշումների պայմաններում գործող ռեժիմը մանդատ չի ստացել Հայաստանին «ալիևյան Սահմանադրություն» պարտադրելու համար։

Մենք կարծում ենք, որ ժողովրդի իրական քվեն ստացած քաղաքական ուժերը, հետևողականություն ցուցաբերելու դեպքում, ոչ միայն հնարավորություն ունեն տապալելու թուրքահաճո ռեժիմի հակահայկական ծրագիրը, այլև ժամանակի ընթացքում վերջնականապես հեռացնելու նրան իշխանությունից։ Հետևաբար, «Հայաքվե»-ն պատրաստ է շարունակել իր պայքարը այս ռեժիմի իրավական հեռացման համար բոլոր օրինական միջոցներով։