Քաղաքական

Քրեական դատավարության օրենսգրքում փոփոխությունների նախաձեռնություն

ՀՀ Ազգային ժողովի Պետական-իրավական հարցերի հանձնաժողովը մարտի 18-ի նիստում դրական եզրակացություն է տվել Քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին ԱԺ իշխող “Քաղաքացիական պայմանագիր” խմբակցության պատգամավոր Ռուստամ Բաքոյանի ներկայացրած օրենսդրական նախաձեռնությանը։

Օրենսդրական փոփոխության հիմնական նպատակն է 2022 թվականի հուլիսի 1-ից ուժի մեջ մտած օրենսգրքի կատարելագործումը։

Ըստ նախաձեռնության՝ առկա խնդիրն այն է, որ օրենսգրքում չի սահմանված քրեական հետապնդում չհարուցելու կամ այն դադարեցնելու վերաբերյալ քննիչի միջնորդության՝ հսկող դատախազի քննարկման ժամկետը։

Ներկայումս, քննիչի միջնորդության հիման վրա դատախազը որոշում է կայացնում այն բավարարելու կամ մերժելու մասին։ Սակայն, դատախազի որոշումների համար օրենքով սահմանված ժամկետներ չկան, ինչը կարող է հանգեցնել այն իրավիճակի, երբ անձը, որի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցված, չարդարացված երկար ժամանակ մնում է այդ կարգավիճակում։

Այս խնդրի լուծման համար առաջարկվում է սահմանել 7 օր ժամկետ, որի ընթացքում հսկող դատախազը պետք է քննարկի և կայացնի իր որոշումը։ Այս միջոցը նախատեսվում է որպես երաշխիք, որպեսզի ապահովվի անձի իրավունքների պաշտպանությունը և խուսափվի անհիմն երկարացված քրեական հետապնդումից։