Միջազգային

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալի ընդունելությունը Եվրոպայի խորհրդի Ծրագրերի համակարգման տնօրենի հետ

ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը հանդիպում է ունեցել Եվրոպայի խորհրդի Ծրագրերի համակարգման տնօրեն Կլաուս Նոյկիրխի հետ։

Հանդիպումը տեղի է ունեցել այն պահին, երբ Եվրոպայի խորհրդի Ծրագրերի համակարգման տնօրենը Հայաստան է այցելել Հայաստան-Եվրոպայի խորհուրդ Գործողությունների ծրագրի միջգերատեսչական կոմիտեի նիստին մասնակցելու նպատակով։

ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալը բարձր է գնահատել Հայաստանի և Եվրոպայի խորհրդի միջև առկա քաղաքական երկխոսության և ծրագրային համագործակցության մակարդակը։ Նա ընդգծել է Եվրոպայի խորհրդի կարևոր դերը Հայաստանում ընթացող բարեփոխումների գործընթացում՝ հատկապես ժողովրդավարական հաստատությունների զարգացման, մարդու իրավունքների պաշտպանության և օրենքի գերակայության ամրապնդման ոլորտներում։

Ռոբերտ Աբիսողոմոնյանը նշել է, որ Հայաստան-Եվրոպայի խորհուրդ 2023-2026թթ. Գործողությունների ծրագիրը հանդիսանում է ռազմավարական շրջանակ, որը աջակցում է Հայաստանում իրականացվող բարեփոխումների ծավալուն օրակարգին։

Հանդիպման ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել նաև Հայաստան-Եվրոպայի խորհուրդ 2027-2030թթ. Գործողությունների ծրագրի մշակման գործընթացում համագործակցության խթանման և ընթացիկ ծրագրերի շարունակականության ապահովման հարցերով։