Համահայկական ճակատը և Դեմոկրատիա, օրենք, կարգապահություն կուսակցությունը մտնում են ընտրություններին միասնական ճակատով
Վարդան Ղուկասյանի ղեկավարած «Դեմոկրատիա, օրենք, կարգապահություն» (ԴՕԿ) կուսակցությունը համապետական ընտրություններին կմասնակցի «Համահայկական ճակատ» կուսակցության հետ միասնական ճակատով։ Այս մասին հայտնում է ԴՕԿ կուսակցության շտաբի պետ Լևոն Բաղդասարյանը։
Ըստ Բաղդասարյանի՝ սա «ուժի, պատասխանատվության և ազգային արժանապատվության համախմբման պատմական փուլ» է։ Նա նշում է, որ այս միավորումը կնշանակի «միասնական կամքի, օրենքի գերակայության և պետական մտածողության հաղթանակ»։
Հաղորդվում է, որ «Համահայկական ճակատ» կուսակցության ծրագրի հիմքում կանգնած են զորահրամանատարներ և բարձրաստիճան սպաներ։
Հիշեցնենք, որ Վարդան Ղուկասյանը դեռևս 2025 թվականի նոյեմբերի 3-ին հայտարարել էր մասնակցելու 2026 թվականի հունիսի 7-ին նախատեսված խորհրդարանական ընտրություններին։ Այդ ժամանակ նա կոչ էր արել բոլոր առողջ քաղաքական ուժերին միավորվել՝ պետության և ժողովրդի շահերի համար։ Ղուկասյանը նաև հայտնել էր, որ մինչև 2025 թվականի դեկտեմբերի 1-ը կոչ է անում բոլորին միանալ իրենց համահայկական շարժմանը։ Նա նաև պլանավորում է դեկտեմբերի 1-ից հետո հանրությանը ներկայացնել ԴՕԿ-ի կողմից առաջադրված 131 միասնական պատգամավորության թեկնածուների ցուցակը, կառավարության կազմը և ՀՀ նախագահի թեկնածուին։




