ԱՄՆ-ի և Իրանի միջև տասնամյակներ շարունակվող հակադրության հնարավոր հանգուցալուծումը, որը վերջին ամիսներին բոլորին պահում էր տարածաշրջանային անվտանգության թրթիռի մեջ, այսօր տեղափոխվում է բանակցային հարթություն։ Այս փոփոխությունը, որը դեռևս խաղաղություն չէ, բայց արդեն իսկ ուժի լեզուն զիջում է հաշվարկի լեզվին, ունի անմիջական և խորը հետևանքներ Հայաստանի համար։
Ինչպես նշում է «Միասնության թևեր» նախաձեռնության անդամ, Պետական էկոնոմիկայի խորհրդի նախկին նախագահ Դավիթ Անանյանը, այս իրադարձությունը պարզապես արտաքին նորություն չէ, այլ մեր անվտանգության, տնտեսության և ապագայի վրա անմիջական ազդեցություն ունեցող հանգույց է։
ԱՄՆ-ի և Իրանի միջև լարվածության աճը և հնարավոր պատերազմը, որը կարող էր տարածվել ողջ տարածաշրջանին, ստեղծում էր անկայուն միջավայր, որի մեջ Հայաստանը պետք է կայացներ իր քաղաքական և տնտեսական որոշումները։ Եթե այս թնջուկը իսկապես սկսի լուծվել, ապա փոխվելու է ոչ միայն տարածաշրջանի ուժային հավասարակշռությունը, այլև այդ անկայունության ֆոնին կառուցված ռազմավարական հաշվարկները։
Հիշեցնենք, որ Իրանի ԱԳ նախարար Աբաս Արաղչին Twitter-ի իր էջում հրապարակել է 10 պահանջների ցանկ, որոնց ԱՄՆ-ը համաձայնել է ապրիլի 10-ից հրադադարի հաստատման համար։ Այս պահանջներից են չհարձակվելու պարտավորությունը, Հորմուզի նեղուցի նկատմամբ Իրանի վերահսկողության պահպանումը, ուրանի հարստացման համաձայնությունը, բոլոր պատժամիջոցների վերացումը, ՄԱԿ Անվտանգության խորհրդի բանաձևերի գործողության դադարեցումը, Իրանին փոխհատուցում վճարելը, տարածաշրջանից ամերիկյան զորքերի դուրսբերումը և բոլոր ճակատներում պատերազմը դադարեցնելը, այդ թվում՝ Լիբանանում «Հեզբոլլահի» դեմ պատերազմները։
ԱՄՆ-ի և Իրանի բանակցությունները, որոնք կկայանան ապրիլի 10-ին Իսլամաբադում՝ Պակիստանի ներկայացուցիչների ներկայությամբ, որպես միջնորդներ, կարող են նշանավորել տարածաշրջանի քաղաքական քարտեզի նոր փուլի սկիզբը։ Հայաստանի համար այս փոփոխությունը պահանջում է խորը վերլուծություն և ռազմավարական մտածողություն՝ նպատակ ունենալով օգտագործել նոր հնարավորությունները և նվազագույնի հասցնել ռիսկերը։




