«Ավրորա» հիմնադրամը խստորեն դատապարտում է Ռուբեն Վարդանյանի նկատմամբ կայացված անարդար դատավճիռը
Արցախի նախկին պետնախարար, հայտնի բարերար Ռուբեն Վարդանյանի նկատմամբ ադրբեջանական դատարանի կայացրած անարդար դատավճիռը, որով նրան դատապարտել են 20 տարվա ազատազրկման, խստորեն դատապարտվում է «Ավրորա» մարդասիրական հիմնադրամի կողմից։
Այս վճիռը ոչ միայն մեծագույն անարդարություն է, այլև անասելի ցավ է հանդիսանում նրա ընտանիքի համար, որը հսկայական դժվարությունների է բախվել այս ծանր փորձության ընթացքում։
Մենք կոչ ենք անում անհապաղ ազատ արձակել Ռուբենին և դիմում ենք միջազգային հանրությանը՝ պաշտպանելու արդարության, մարդու իրավունքների և արդար դատավարության սկզբունքները։
Ռուբենին առաջադրված մեղադրանքները, որոնք առնչվում են նրա մարդասիրական գործունեությանը Լեռնային Ղարաբաղում (Արցախում), անտեսում են մարդու հիմնարար իրավունքները և մտահոգիչ են։ Տասնամյակներ շարունակ Ռուբենը եղել է կրթության, մարդասիրական օգնության և սոցիալական առաջընթացի անձնվեր պաշտպան՝ իր կյանքը նվիրելով համայնքների հզորացմանը և մարդկային արժանապատվության խթանմանը։
2015 թվականին նա համահիմնադրեց «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը, որը նրա անսասան նվիրումի վառ ապացույցն է՝ մեծարելու նրանց, ովքեր ուրիշներին պաշտպանելու համար վտանգում են իրենց կյանքը։
Մեր հանձնառությունը՝ աջակցելու Ռուբենի ընտանիքին, պայքարելու հանուն նրա ազատության և պաշտպանելու բոլոր նրանց իրավունքները, որոնց անարդարացիորեն զրկել են ազատությունից, շարունակվում է։ «Ավրորան» հիմնադրվել է՝ լույս սփռելու խիզախության և մարդասիրական արարքների վրա, որոնք դրսևորվում են նույնիսկ ամենադժվարին պահերին։ Ռուբենի ստեղծած ժառանգությունը շարունակում է ոգեշնչել մեզ, և մենք հաստատուն ենք մեր ջանքերում՝ արդարադատությունը վերականգնելու համար։
Հիշեցնենք, որ Ռուբեն Վարդանյանն ու Արցախի նախկին ու գործող ևս 7 պաշտոնյաներ 2023 թվականի սեպտեմբերի վերջից գտնվում են ադրբեջանական գերության մեջ՝ ի խախտումն միջազգային իրավունքի բոլոր նորմերի։ Այս գործը, ինչպես նաև մյուս արցախցիների գործերը, ցույց են տալիս ադրբեջանական իշխանությունների կողմից իրականացվող քաղաքական հետապնդումը։




