Քաղաքական

Քաղաքական հետապնդումների սպառնալիքը՝ նախընտրական քարոզարշավի ֆոնին

Քաղաքական իրավունքների հայկական կենտրոնը (ACPR) հրատարակել է զեկույց, որում ահազանգում է քաղաքական հետապնդումների սպառնալիքի առկայության մասին՝ նախընտրական քարոզարշավի ընթացքում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից չորս ընդդիմադիր քաղաքական գործիչների հասցեին արված հայտարարությունների ֆոնին։

Ինչպես նշվում է զեկույցում, մայիսի 18-ին՝ սպասվող հունիսյան խորհրդարանական ընտրություններից ընդամենը երեք շաբաթ առաջ, վարչապետը հանրային ելույթի ժամանակ ֆիզիկական հաշվեհարդարի սպառնալիք է հնչեցրել չորս ընդդիմադիր քաղաքական գործիչների հասցեին, որոնցից երեքը գլխավորում են նախընտրական պայքարին մասնակցող քաղաքական ուժերը։

Փաշինյանը սպառնալիքների «հիմնավորում» է համարել անհայտ ծագման տեսանյութ, որտեղ զինված դիմակավորված անձինք սպառնում են իրեն։ Առանց որևէ փաստի հիմնավորման՝ վարչապետը տեսանյութը վերագրել է ընդդիմադիրներին՝ պնդելով, թե դիմակավորված անձանց հետևում կանգնած են իր քաղաքական մրցակիցները։

ACPR-ը նշում է, որ նմանատիպ սպառնալիքներին անցյալում հաջորդել են ուժային կառույցների գործողությունները։ Կենտրոնը կարծում է, որ վարչապետի կողմից նախընտրական շրջանում արված նման հայտարարությունները հարցականի տակ են դնում ընտրական պայքարի արդարությունը և քաղաքական ուժերի՝ հավասար մրցակցային պայմաններից օգտվելու հնարավորությունը։ Ըստ կենտրոնի՝ դիմակավորված անձանց անհայտ ծագման տեսանյութն օգտագործվում է որպես պատրվակ։ Հաշվի առնելով նախկին փորձը, ինչպես նաև ուժային կառույցների և դատական համակարգի վրա վարչապետի ունեցած ազդեցությունը՝ մայիսի 18-ին հնչեցված սպառնալիքները պետք է լուրջ ընդունվեն և մեկնաբանվեն որպես վերահաս քաղաքական հետապնդումների սպառնալիք։

Այս զեկույցի անգլերեն տարբերակը ներկայացվել է մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում գործող միջազգային կազմակերպություններին, այդ թվում՝ Եվրոպայի խորհրդին և ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ին, դրանց մասնագիտացված գրասենյակներին, դիվանագիտական ներկայացուցչություններին, ինչպես նաև Հայաստանում և այլ երկրներում գործող իրավապաշտպան կազմակերպություններին։

Հիշեցնենք, որ ավելի վաղ իշխանամետ լրատվամիջոցները տարածել էին տեսանյութ, որտեղ զենքով զինված անհայտ անձինք արցախյան բարբառով սպառնում են Նիկոլ Փաշինյանին և ՀՀ քաղաքացիներին։ ՀՀ Քննչական կոմիտեում փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ։

Փաշինյանը ցուցադրել է այդ տեսանյութը՝ հայտարարելով․ «Էս լակոտներին նայեք։ Դիմակներ են հագել ու իրենց հերոսի տեղ են դնում։ Էս էն նույն հերոսներն են, որ տակները արած՝ թողեցին մեր զինվորներին։ Լակոտնե՛ր, դիմակները հանեք ու դուրս եկեք, ա՛յ նալոգներ, հատ-հատ գտնելու եմ ձեզ, էդ դիմակները հանեմ ու մտցնեմ ձեր մի տեղը։ Ես ձեզ ծնկի եմ բերելու։ Դիմակները հանեք ու կամավոր ներկայացեք։ Ռոբի, Տաշիրի, Սերժիկի, Գագոյի լակոտներին նայեք»։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ՀՀ ՆԳՆ և Քննչական կոմիտեի աշխատակիցները իրականացնում են խուզարկություններ Երևանում՝ ավելի քան մեկ տասնյակ հասցեներով։ Իրավապահները փնտրում են ապօրինի պահվող զենք և զինամթերք։